Աշխատանքային այցով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը: 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանն ընդառաջ Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Վ. Գոշինը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախարարի խոսքով` հանդիպումը նպատակաուղղված էր տեխնիկական եւ գործառնական հարցերի հստակեցմանը: Դիտարկվել են «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրագործման ընթացքն ու մաքսային հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը, ՄՄ անդամ երկրների համակարգերի ներդաշնակեցման համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ու ծրագրային ապահովմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ ապրանքների տարանցիկ փոխադրումների արդյունավետ կազմակերպման ուղիները:
Քննարկվել է նաեւ մաքսային ապահովման եւ նույնականացման միջոցների կիրառման առանձնահատկություններից ելնելով` ՄՄ անդամ երկրների առեւտրաշրջանառության մաքսային հսկողության ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը այցելել է նաեւ Բագրատաշենի մաքսակետ:
news.am